Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների վերսկսմանը, այս մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես խոսել եմ այդ մասին։ Ասել եմ, որ մենք պատրաստ ենք և կնպաստենք խաղաղ բանակցությունների վերսկսմանը խաղաղության համաձայնագրի կնքման հույսով։ Եվ առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում։ Վարչապետ Փաշինյանը սրա մասին գիտի, ես նրան ասել եմ։ Ադրբեջանի նախագահը գիտի այդ մասին»,- ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, այս հարցում խնդիրներ չպետք է լինեն։
«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, ես պարզապես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո»,- ասել է ՌԴ նախագահը։
Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի խոսքով, դեռևս կան տեխնիկական խնդիրներ։
«Կան զուտ տեխնիկական բնույթի հարցեր, կարծում եմ, սահմանի հետ կապված՝ սահմանազատում, սահմանագծում, բայց դրանք, կարծում եմ, տեխնիկական խնդիրներ են։ Այնտեղ մի ուղղությամբ հարյուր մետր, մյուս կողմից՝ կիլոմետր, դա այլևս նշանակություն չունի։ Երկու կողմերի բարի կամքով այս ամենը կարելի է անել, և հաջորդ քայլերը, ինչպես ժամանակին պայմանավորվել էինք, զարգացնել առևտրատնտեսական կապերը և զարգացնել ենթակառուցվածքային նախագծերը»,- հավելել է նա։











