Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն համաձայնության պետք է ձգտեն երկու ժողովուրդները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին  Ռուսաստանի նախագահը հայտարարել է  երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեդեւն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայի այն քիչ սառեցված հակամարտություններից է, որը հնարավոր է լուծել:  Մեդվեդեւը պատմել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագաների հետ պարբերական հանդիպումներից իր տպավորությունների մասին : «Երկու նախագահների շրջապատը բավականին լավ է ընդհանուր լեզու գտնում եւ հեշտությամբ անցնում հայերենից ադրբեջաներենի եւ հակառակը. սա գաղտնի պահ է, երկու նախագահներին էլ են կարողանում լեզու գտնել. երբ նստում ենք սեղանի շուրջ, նրանք շատ լավ շփվում են», - քաղաքական «գաղտնիք» է բացահայտել Ռուսաստանի առաջնորդը:

Միժամանակ, նա ընդունում է, որ ղարաբաղյան հակամարտությունում կան իրական դժվարություններ, պատմություն, իրավական կոնստրուկցիաների տարըմբռնում,  տարբեր շահեր: «Ռուսաստանը, անկասկած, կօգնի ղարաբաղյան հակամարտության կագավորմանը: Այդ աշխատանքը կշարունակվի»,-հավաստիացրել է ՌԴ նախագահը:

Սակայն, նրա կարծիքով, «վերջին հաշվով, այդ բարդ, բայց լուծելի  խնդրի կարգավորումը կախված է  երկու ժողովուրդների եւ նախագահների բարի կամքից, եթե նրանք լսեն միմյանց, փոքր-ինչ ընդառաջ գնան իրար եւ փոխզիջումներ գտնեն»: