Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հոկտեմբերի 21-ին, ընդունել է Երեւանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին եւ գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոյին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը կարեւորել է «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրման գործընթացում Արեւելյան գործընկերության երկրներում» խորագրով համաժողովի անցկացումը Հայաստանում` արդիական համարելով նրա թեմատիկան:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի  արտաքին  քաղաքականության գերակա  ուղղություններից է, եւ համոզմունք հայտնեց, որ երեւանյան համաժողովը կխթանի Հայաստանի եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցությունը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի իշխանություներն ունեն քաղաքական կամք` անհրաժեշտ  բարեփոխումների իրականացման համար:

Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համաժողովն Ազգային ժողովում անցկացնելու հնարավորություն ընձեռելու եւ դրան մասնակցելու համար: Նա նշել է, որ սկսված բարեփոխումներն ավելի են ամրապնդում եվրոպական արժեքների արմատավորման գործընթացը Հայաստանում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների: