Հայաստանը կարծում է, որ ժամանակն է պայմանավորվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, սակայն պետք է, որ Ադրբեջանը եւս այդպես մտածի ոչ միայն խոսքով, այլ գործով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին,  թե կարո՞ղ են ռուսական նոր նախաձեռնությունները, որոնց բովանդակությունը  փոքր- ինչ բացահայտել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  հիմք ծառայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջխաղացման համար:

«Լավրովի` տարածաշրջան կատարած այցից հետո ադրբեջանցիները բազմիցս հայտարարեցին, որ իրենց պետք չեն սկզբունքներ, որոնք առաջարկում են  անցնել հիմնարար համաձայնագրի տեքստի մշակման:  Ի՞նչ է դա նշանակում: Ադրբեջանցիները պարզապես պատրաստ չեն ընդունել համանախագահների առաջարկությունները եւ այդ հիմքով գնալ կարգավորման: Այստեղ հեծանիվ չես հորինի: Սկզբունքները, որոնք մշակվել էին,  համատեղ երկար տարիների աշխատանքի արդյունք էին: Դրանք հղկվել էին նախագահների, նախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումների ժամանակ: Երբ արդեն գրեթե համաձայնեցված տեքստի վերբաերյալ դու գալիս ես տասնյակ նոր փոփոխություններով, ապա, կասեի, դա անհարգելաից  է ոչ միայն մյուս կողմի, այլեւ միջնորդների նկատմամբ»,-ընդգծեց ԱԳ նախարարը` ավելացնելով, որ հայկական կողմն ասել եւ ասում է, որ պատրաստ է ընդունել Կազանում ներկայացված առաջարկությունները եւ առաջ շարժվել այդ հիմքով, եթե Ադրբեջանը ետ վերցնի իր նոր առարկությունները, որոնք, փաստացի վերադարձ են երեք-չորս տարվա վաղեմության ձեւակերպումներին:

«Կա  հայտնի սկզբունք, որը միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքներից է`  pacta sund servanta: Եթե պայմանավորվում ես ինչ-որ բանի մասին,  պետք է հարգել պայմանավորվածությունը»,- նշել է Նալբանդյանը:

Խոսելով այն դեպքերի մասին, որոնք կարող են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախադեպ դառնալ, Նալբանդյանը, մասնավորապես, նշել է Հարավային Սուդանի օրինակը. «Նախադեպերի հարցում պակաս չկա։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը հենց անկախ պետություն է դարձել՝ իրացնելով ինքնորոշման իրավունքը։ Ուրեմն ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ավելի քիչ իրավունք ունենա ինքնորոշվելու, քան այս արեւի տակ ցանկացած այլ ժողովուրդ։ Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պակաս իրավունք չունի, եւ այդ իրավունքի մասին դրույթը հենց առկա է այն տեքստում, որով մենք Ադրբեջանի հետ բանակցություններ ենք վարում։ Այն սկզբունքները, տարրերը, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից եւ որոնք հնչեցվել են նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի կողմից Մեծ ութնյակի երեք գագաթնաժողովներում՝ լ՛Ակվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում, խոսում են հենց ինքնորոշման իրավունքի մասին»,-հիշեցրել է արտգործնախարարը`  մեկ անգամ եւս ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը պետք է միջազգային իրավական ուժ ունենա։ «Դրանով ամեն ինչ ասված է, եւ միայն մենք չէ, որ համոզված ենք դրանում»,- ամփոփել է Նալբանդյանը: