Շվեյցարիայում, հոկտեմբերի 25-27-ին, Ժնեւում տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, միջոցառման շրջանակներում նախարար Մ. Վարդանյանը հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի: Նախատեսվում են համաժողովներ, ինչպես նաեւ ղեկավար կազմի գագաթաժողով` հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների եւ դրանց  ամենաարդյունավետ լուծումները գտնելու  նպատակով:

«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011»-ի շրջանակներում կլինեն քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ եւ անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաեւ հաջողված հանրային եւ մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:

Կկազմակերպվի նաեւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ: