ԿԸՀ արձանագրությունը հավաստում է, որ Լեւոն Քոչարյանն արդեն ԱԺ պատգամավոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արամ վարդեւանյանը:
«Հիշեցման կարգով, 2021-ի դեկտեմբերի 7-ի ՍԴ որոշմամբ արձանագրվել էր, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակը ստանալու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ ԱԺ համաձայնությամբ: Հետեւաբար, ֆիքսում ենք փաստը, որ Լեւոնը պետք է լինի ազատության մեջ: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե օրենքի, այլ ՍԴ որոշման մասին է, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, եւ այնքան պարզ է գրված, որ պետք չի լինել սահմանադրագետ դա մեկնաբանելու համար: Ես չեմ պատկերացնում, որ այստեղ մենք որեւէ իրավական վեճ ունենանք:
Եթե այս հարցում վեճ է առաջանում, ստացվում է, որ ի սկզբանե նպատակը եղել է մարդուն կալանավորելը, թե՞ խոսում էինք իրավական պրոցեսի մասին:
Այստեղ ՍԴ-ի նկատմամբ հարգանքի, իրավական պետության վերաբերյալ հարց կա եւ դա չհարգելը, խախտելը լրիվ այլ հետեւանքներ կարող է ունենալ»,-ասաց փաստաբանը:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ հետագայում գլխավոր դատախազը կարող է մտնել ԱԺ Լեւոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, Վարդեւանյանը պատասխանեց. «Այստեղ խոսքը բացառապես վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելուն: Քրեական հետապնդումը շարունակվելու է, քրգործն առկա է, այդտեղ լիքը անելիք կա եւ ֆիքսվելու է, որ գործ ունենք իրավական պրոցեսից զուրկ մի պատկերի հետ: մենք այս գործով հասնելու ենք արդարացման:
Մյուս կողմից Լեւոնը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար քրեկան դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ պետք է լինեն նոր հանգամանքներ: Ես չեմ պատկերացնում, թե որը կարող է դա լինել»:
Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։
Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։
Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։











