Եվրախորհրդարանը ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես՝ ռուսական նավթագազային հատվածի հետ կապված։

Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում միջազգային պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կարողության առնչությամբ եւ կոչ են անում ամբողջությամբ փակել ԵՄ շուկան ռուսական էներգակիրների համար։

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ–ին կոչ են անում համապարփակ ստուգում իրականացնել, թե ինչպես են գործում Ռուսաստանի նկատմամբ իր սահմանած պատժամիջոցները։ Պատգամավորները նաեւ կոչ են անում ռուսական սառեցված ակտիվները օգտագործել Ուկրաինայում վերակառուցումը ֆինանսավորելու նպատակով։

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ–ին կոչ են անում ավելի շատ ջանքեր գործադրել՝ սահմանափակելու ԵՄ պատժամիջոցները շրջանցելու Մոսկվայի կարողությունը։

Բանաձեւում նշվում է, որ ԵՄ ռուսական նավթից պատրաստված նավթամթերքի ներմուծումը այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, վերելք է ապրել՝ ըստ էության ստեղծելով Կրեմլի նավթի «հետնամուտքից» ներմուծման  ճանապարհ դեպի ԵՄ: Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ընդգծում են, որ Արևմուտքից կարեւոր բաղադրիչները դեռևս իրենց ճանապարհն են գտնում դեպի Ռուսաստան՝ Չինաստանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ղազախստանի, Ղրղզստանի և Սերբիայի միջոցով: Նրանք խոր մտահոգություն են հայտնում ԵՄ անդամ երկրների և Մոսկվայի միջև պատերազմական կարիքների համար կարևոր արտադրանքի շարունակվող առևտրի առնչությամբ, ինչպես նաև այն լուրերի, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, «պարզաջրում են» ռուսական գազը ԵՄ արտահանման համար:

Պատգամավորները ԵՄ-ին և անդամ պետություններին կոչ են անում օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ համոզելու Ադրբեջանի կառավարությանը «դադարեցնել հանցավոր գործակցությունը ռուսական ռեժիմի հետ»։

«Որոշ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Ղրղզստանը, ինչպես նաեւ  Հարավային Կովկասի որոշ երկրներ և Սերբիան, դարձել են կենտրոններ, որոնց միջոցով ռուսական կազմակերպությունները փոխում են ԵՄ-ից ներմուծվող ապրանքների երթուղին դեպի Ռուսաստան կամ այլընտրանքային ուղիներ են ստանում երկակի նշանակության ապրանքների և արտասահմանյան արտադրության տեխնոլոգիաների և սարքավորումների ներմուծման համար»,– ասվում է բանաձեւում։

Եվրախորհրդարանը դատապարտում է պետությունների, իրավաբանական ծառայություններ մատուցողների, այլ կազմակերպությունների և անհատների պահվածքը, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել ԵՄ պատժամիջոցների հետևանքներից։ Նրանք  հիշեցնում են, որ պատժամիջոցների խախտումը հանցագործություն է ԵՄ մակարդակով և ունի լուրջ ազդեցություն ԵՄ ֆինանսական շահերի վրա։ Բանաձեւը անդամ երկրներին և ԵՄ կառույցներին կոչ է անում ակտիվացնել իրենց աշխատանքը՝ սահմանափակելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներից խուսափելը և շրջանցումը, որոնք լրջորեն խաթարում են ԵՄ պատժամիջոցների արդյունավետությունը և խոչընդոտում են պատերազմին վերջ տալու միջազգային ջանքերը։ Պատգամավորները ԵՄ-ին և անդամ պետություններին կոչ են անում վերանայել իրենց հարաբերությունները այն երկրների հետ, որոնք բավարար ջանքեր չեն գործադրում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներից խուսափելն ու շրջանցումը սահմանափակելու համար, ներառյալ այդ երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը և ցանկացած արտոնյալ մուտք դեպի ԵՄ շուկաներ։