2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Նա բացատրեց, թե ինչու է բյուջեն, իր գնահատմամբ, պատմական. «Շատ կոնկրետ պատճառով. եկամտային մասը  2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝  ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ավելի քան կրկնապատկվում է  նաև բյուջեի ծախսային մասը»։

Նրա խոսքով, առողջապահության ծախսերը ավելի քան կրկնապատկվում են,  ինչը նշանակում է, որ իրենք կրկնապատկում են առողջապահության հասանելիությունը քաղաքացիների համար. «Սա մեր կարեւորագույն խոստումներից է. «2018-ին երկրի կառավարումը ստանձնելով առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մն հիվանդանոցների դռներին եւ այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին: Վերջին տվյալներով պետպատվերով առողջապահապական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ  ծառայությունները: Սա չի վերաբերում անհետաձգելի  ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում եւ առավելագույն բնական աճը: