Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժը կարող է ազդել Հայաստանի վրա: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը:
«Երկրաշարժը Հայաստանի վրա կարող է անդրադառնալ, ասենք, քսան, հիսուն տարի հետո, բայց կարող է նաեւ ընդհանրապես չանդրադառնալ»,- նշել է սեյսմոլոգը: Նա նշել է, որ Թուրքիայի երկրաշարժը եւ օրեր առաջ Հայաստանում` Գառնիի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը մեկ փլվածքային գոտում չեն ընդգրկված, բայց փոխկապակցված են մեկ ընդհանուր գեոդինամիկ պրոցեսով եւ այս կամ այն չափով ազդում են միմյանց վրա:
Նշենք, որ Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1301-ի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։
Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում 3-ից 5 բալլ հզորությամբ:




























