Ադրբեջանը խուսափում է կոնկրետ քայլեր անել Հայաստանի հետ բանակցային գործընթացում: Այս մասին նոյեմբերի 17-ին` Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր դաշինքի «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Բաքվի՝ Վաշինգտոնում արտգործնախարարների ղեկավարների մակարդակով բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը։
Խորհրդարանականի գնահատմամբ՝ Բաքուն այժմ վերագնահատում է իր հնարավորությունները, ինչպես նաև իր ուժերի հավասարակշռությունը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Վերջերս ակտիվորեն խոսվում է այսպես կոչված «անկլավների» մասին։ Խոսքը 8 գյուղերի մասին է, որոնք, իբր, օկուպացվել են Հայաստանի կողմից։ Հնարավոր է՝ այս փուլում Բաքուն փորձի ժամանակ շահել և հարմար պահին ագրեսիա ձեռնարկի կոնկրետ տարածքում կամ ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորն ընդգծեց, որ պետական սահմանի առանձին հատվածներում հակառակորդի բանակի կազմավորումների վտանգավոր կենտրոնացումների կամ տեղաշարժերի մասին կոնկրետ տեղեկություններ չունի։
«Սա, սակայն, չի բացառում նոր ռազմական գործողությունների սպառնալիքը՝ հաշվի առնելով Բաքվից եկող ամենատարբեր ագրեսիվ և վտանգավոր հայտարարությունները»,- նշեց ընդդիմադիրը։
Ինչպես նշեց պատգամավորը, Ադրբեջանն ինքը բազմիցս ասել է. որոշ խնդիրներ լուծելիս ուժային սցենարը մնում է իր օրակարգում։
Այս մոտեցումը, նրա կարծիքով, որոշակի լարվածություն է ստեղծում։ Միաժամանակ, Ադրբեջանը տեղ-տեղ խնամքով քողարկում է իր ուժերի տեղաշարժերը։
«Ուստի, հաճախ դժվար է նկատել թշնամու այս կամ այն ակտիվությունը»,- պարզաբանել է Աբրահամյանը։




























