Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դժգոհ է գյուղատնտեսության նախարարության Գինու եւ խաղողի վարչության աշխատանքից («Սամտրեստ») եւ միջազգային շուկաներ վրացական գինու արատահանման տեմպերից, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

 «Ես դժգոհ եմ «Սամտրեստ»-ի աշխատանքից, ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից: Մենք կրիայի քայլերով ենք դուրս գալիս միջազգային շուկաներ, այն դեպքում, երբ վրացական գինին աննկարագրելի պոտենցիալ ունի», - հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 26-ին  Բաթումիում կայացած կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:

Նա նաեւ նշել է, որ վրացական արտադրությունը ռուսական շուկա վերադարձնելու հարցը չպետք է կանգ առնի: 

«Այն հարցը, թե արդյոք դուրս կգանք ռուսական շուկա, թե ոչ, ընդհանրապես չպետք է կանգնի... որպեսզի կախում չունենա ինչ-որ  «մոլագար» Օնիշչենկոյից (Ռուսաստանի սպառողների իրավունքների վերահսկողության ղեկավար)», - հայտարարել է նախագահը` ընդգծելով, որ Ռուսաստանը առ այսօր «սեւացնում է Մոլդովայի կյանքը, իբրեւ թե թույլատրելով, բայց միաժամանակ չթույլատրելով մոլդովական գինու մուտքը իր շուկա»:

Նախագահը գյուղատնտեսության նոր նախարար Զազե Գորոզիային հանձնարարել է վարչության պետի հաստիքի թափուր տեղի համար հայտարարել միջազգային մրցույթ եւ «գտնել լավագույն կառավարչի, ով լավատեղյակ է միջազգային շուկաներից», եւ կառույցը դարձնել արդյունավետ: