Հարեւան երկրի ղեկավարի հայտարարությունը պետք է զգուշորեն մեկնաբանել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության վերաբերյալ:
Իր հայտարարության մեջ Վրաստանի նախագահը հայտարարել էր իր երկրի պետական ապարատի մեծ կատարելության մասին` հայկականի համեմատ: «Մասնավորապես, նա անդրադարձել էր Տավուշի մարզի սողանքին` հայտարարելով, որ դրա հետեւանքները Վրաստանը կվերացներ մի քանի ժամում: Ես ինքս Վրաստանի հասցեին հավասարակշիռ արտահայտությունների կողմնակից եմ, բայց հավասարակշռությունը պետք է փոխադարձ լինի»,- նշել է Թորոսյանը:
Ի պատասխան վարչապետը նկատել է, որ Հայաստանը պետք է անի հնարավորը հայ-վրացական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: «Ուստի մեր կողմից նպատակահարմար չէ հակառակ հայտարարություններն անելը: Վրաստանի քաղաքական իշխանության հետ մենք նորմալ հարաբերություններ ունենք եւ մտադիր ենք հետայսու եւս զարգացնել դրանք»,- ասել է վարչապետը:




























