Լյուքսեմբուրգում, հոկտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարները ստորագրել են Հայաստան-Եվրամիություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հռչակագրի ստորագրման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարեւոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների միջեւ շփումների խրախուսումն ու ակտիվացումը:
«Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ եւ հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրեր»,- ասել է նա:
Արտգործնախարար Նալբանդյանն ընդգծել է, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:
Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն կանոնակարգելը:




























