Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Կարապետյանն ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Նա նաեւ որպես հրաժարականի պատճառ նշել է անձնական դրդապատճառները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մոտ ապագայում տեղափոխվելու է Ռուսաստան: Այնտեղ նրան ռուսաստանյան գազային համակարգում աշխատանքի հրապուրիչ առաջարկ են արել, եւ Կարապետյանը բարձր պաշտոն է զբաղեցնելու «Գազպրոմ» ընկերությունում: Մասնավորապես որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա նշանակվելու է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալ: Նախքան Երեւանի քաղաքապետ դառնալը Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» կազմում ընդգրկված «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր, եւ լուրջ կապեր ունի Ռուսաստանի բիզնես-շրջանակներում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարապետյանին կփոխարինի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս օրվա ընթացքում չէր պատասխանում զանգերին, այնուհետ ընդհանրապես անջատել է հեռախոսը եւ նրանից մեկնաբանություններ ստանալը դարձել է անհնարին:




























