Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքը առաջինն է ՀԱԿ-ի մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքներից հետո:
Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Այդ օրը ԱԺ-ում ահաբեկչության զոհ էին դարձել վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, պատգամավորներ, նախարարներ:
«Հունանյանի բանդան, իրականացնելով այդ ոճիրը, ինքնակամ տեղափոխվեց քննչական մեկուսարան, սակայն այդ ոճրագործության կազմակերպիչները մինչ օրս պատանդ են պահում խորհրդարանը եւ նախագահի նստավայրը, ողջ հայ ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:
«Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են, որ օրենսդիր մարմնից վերածել են տգետներով լեցուն ախոռների, նրանք, որ նախագահի նստավայրը դարձրել են Հայաստանի ինքնաիշխանությունը վաճառքի հանած սուպերմարկետ: Հայաստանի ժողովուրդն ու ապագան հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների կողմից պատանդ են վերցված:
Հանուն ժողովրդավարության, հանուն սահմանադրության, հանուն երջանիկ եւ անկախ Հայաստանի պայքարելով մենք պայքարում ենք հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ: Այդ նրանք են զրկել Հայաստանը ազատ եւ երջանիկ լինելու կողմից»,- հայտարարեց նա ու հավելեց. «Հայաստանը օկուպացված է հունանյանական հանցախմբի կողմից: Սա ազատամարտ է, նույնպիսի ազատամարտ, ինչպիսին գերագույն հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Վազգեն Սարգսյանն էր վարում 90-ականների կեսին»:
«Այստեղ, այսօր ընթանում է ոչ պակաս կարեւոր ու դաժան ազատամարտ: Այս ազամամարտը ավարտվելու է ՀՀ հպարտ ժողովրդի հաղթանակով:
Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատաստանի առաջ, ինչպես կանգնեցին, Մուբարաքը, Բեն Ալին, Քադաֆին»,-իր խոսքն ամփոփեց ընդդիմադիր գործիչը:
Ի դեպ, հանրահավաքին մասնակցում է նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:




























