Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը միջնորդների միջոցով կապվել է Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամի հետ: Այժմ նրա ինքնակամ հանձնվելու շուրջ բանակցություններ են տարվում, հոկտեմբերի 28-ին հայտնում է Associated Press-ը:
Լուիս Մորենո Օքամփոն հայտնել է, որ չգիտի, թե որտեղ է գտնվում սպանված բռնակալի որդին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սեյֆ լ Իսլամը, հնարավոր է, Նիգերից ուղեւորվել է հարեւան Մալի պետություն:
Ավելի վաղ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ) հայտնել էր, որ Սեյֆ ալ Իսլամը մտադիր է ինքնակամ հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին եւ դրա համար հնարավորություն է փնտրում:
Միջազգային քրեական դատարանը ավելի վաղ Սեյֆ ալ Իսլամին եւ լիբիական հետախուզության նախկին պետ Աբդուլա աս Սենուսին ձերբակալելու հրաման էր տվել: Վերջինս, ըստ լրատվամիջոցների, նույնպես փախել է Մալի:
Հաագայի դատարանը Սեյֆ ալ Իսլամին, Մուամար Քադաֆիին եւ նրա մի շարք մերձավորների մեղադրում է 2011թ. փետրվարին բողոքի ցույցի մասնակիցների սպանության մեջ:




























