Պետությունները պետք է հարգեն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին հոկտեմբերի 28-ին Մեդիայի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցների հետ հանդիպում-ասուլիսում ասաց Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարարի տեղակալ Մոհամադ Զադեհը: Ըստ նրա՝ Իրանը կարող է մյուս երկրների համար ծառայել որպես օրինակ, քանի որ Իրանում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ազատություններն ու իրավունքները հիմնված են սահմանադրության վրա: «Իրանում ապրում են քրիստոնյաներ, զրադաշտներ: Այստեղ հայկական մեծ համայնք կա, որը երկու պատգամավոր ունի Իրանի խորհրդարանում: Հայ համայնքը ունի տարածքներ, ազգային դպրոցներ, եկեղեցիներ եւ մամուլ: Իրանում լույս է տեսնում հայերեն «Ալիք» թերթը: Իրանը դեմ է ցանկացած խտրականության եւ անարդարության»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բոլոր պետությունների իշխանությունները պետք է գործեն արդարության հիման վրա:

«Աշխարհի բոլոր կրոնները մեկ դավանանք ունեն, դա արդարությունն է»,- նկատեց նա:

Նշենք, որ նախարարի տեղակալը փոքրամասնությունների ազատության մասին խոսելով պատասխանում էր Գանայի (Աֆրիկա) ներկայացուցչի հարցին: Վերջինս ասաց, որ Գանայում քրիստոնյա համայնքը ճնշում է մահմեդական փոքր համայնքին, եւ առաջարկում էր Իրանին աջակցել իրենց: