Լոռիի մարզը, աշխարհագրական դիրքի, միջպետական ու ոլորապտույտ ճանապարհներ ունենալու եւ ճանապարհային նշանների որոշակի բացակայության պատճառով, գրեթե ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ թիվ է գրանցում, որոնց մոտ 40 տոկոսն ավարտվում են մահվան ելքով, իսկ մեծ մասամբ ու առավել հաճախ` վիրավորներով: Ավտովթարներից բացի, մարզում բավականին մեծ թիվ են կազմում նաեւ վրաերթի դեպքերը:
Հայաստանի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գոյություն ունեն «Խոչընդոտի վրաերթ» եւ «Հետիոտնի վրաերթ» վրաերթի տեսակները: Վարդան Նարգիզյանի տրամադրած տվյալների համաձայն, առաջինի դեպքում մարզում գրանցվել է 15 պատահար` ընդհանուր պատահարների 16 տոկոսը, որոնց արդյունքում մահացել են 3 քաղաքացիներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 20 քաղաքացիներ: «Հետիոտնի վրաերթ» տեսակն այն դեպքում է, երբ պատճառը ոչ թե հետիոտնի անուշադրությունն է, այլ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը, այս դեպքում պատահարներն ավելի քիչ են` թվով 12-ը, արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել 13 քաղաքացիներ, եւս 2 քաղաքացիներ արդյունքում մահացել են:
Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշը գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, բացառությամբ վրաերթի հետեւանքով մահվան դեպքերի թվի:




























