Երբ առաջին հայ մրցարշավորդ Արթուր Գորոյանը խոսեց Հայաստանում ավտոսպորտ հիմնելու և զարգացնելու իր ծրագրերի մասին, քչերը կարող էին հավատալ, որ այդ ծրագրերն իրագործելի են: Հավաքել սիրողականների թիմ, որոնցից շատերը կյանքում առաջին անգամ պետք է նստեին կարտի ղեկին, ընդամենը մի քանի ամսում մարզել նրանց և ուղարկել կարտինգի միջազգային մրցումների, որտեղ կարող են մրցանակային տեղ զբաղեցնել ... Պարզվում է՝ դա միայն ֆիլմերում չի տեղի ունենում:

Վեց հայ երիտասարդներից բաղկացած խումբը, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ չէին էլ մտածում պրոֆեսիոնալ ավտոսպորտի մասին, մասնակցել են դեկտեմբերի 9-10-ը Դուբայում անցկացված կարտինգի 24-ժամյա դիմացկունության մրցույթին։ Այս մրցարշավներին մասնակցել է 42 թիմ ամբողջ աշխարհից, որոնցից շատերը կազմված էին պրոֆեսիոնալներից, որոնք ամեն օր մարզվել են առնվազն մեկ տասնամյակ: Թեև Հայաստանի հավաքականը մարզվել էր ընդամենը վեց ամիս՝ մարզումները համատեղելով աշխատանքի և այլ զբաղմունքների հետ, սակայն նրանց հաջողվել է գերազանց արդյունքներ գրանցել և զբաղեցնել երրորդ տեղը։

image00007.jpeg (92 KB)

Մրցույթին մասնակցած վեց երիտասարդներն էլ դարձել են կարտինգի մարզիչներ և հույս ունեն Գորոյանի հետ միասին խթանել ավտոսպորտը Հայաստանում։ Նրանց կարծիքով՝ այս մարզաձևի զարգացումը կարող է շատ օգուտ բերել մեր երկրին, իսկ հեռանկարներն այսօր բավականին լուրջ են։

«Ցանկանում էի ցույց տալ, որ դա հնարավոր է». ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Դիմացկունության միջազգային հեղինակավոր մրցարշավների բազմակի հաղթող և «Աբու Դաբի 2023»-ի վեցժամյա մրցարշավի հաղթող Արթուր Գորոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում պետք է սկսել կարտինգից, քանի որ սա բոլոր տեսակի ավտոմրցարշավների հիմքերի հիմքն է և բոլոր մրցարշավների վարորդները՝ «Ֆորմուլա 1» և այլ առաջնություններ, սկսում են հենց այս մարզաձևից:

image00031.jpeg (106 KB)

«Կարտինգն ավտոսպորտի այբբենարանն է, այն նման է դպրոցում առաջին դասարան գնալուն: Երեխան չի կարող անմիջապես գնալ հինգերորդ կամ իններորդ դասարան և սկսել սովորել․ նա պետք է սկսի առաջին դասարանից։ Նույն կերպ մեր սպորտում պետք է սկսել կարտինգից»,- ասաց նա։

Կարտինգով զբաղվելու հետաքրքրություն էին հայտնել 78 մարդ, ընդորում՝ և՛ տղամարդիկ, և կանայք։ Նրանցից նախնական ընտրությունն անցել է 23-ը։ Մեկ մարդ դուրս է մնացել դասերից հինգ րոպե ուշանալու պատճառով: Մնացած 22 ապագա վարորդներն օրական մի քանի ժամ պատրաստվել են, անցնել ընտրության խիստ գործընթաց, ինչի արդյունքում կազմվել է վեց մարդուց բաղկացած թիմ՝ Դավիթ Հովհաննիսյան, Արտակ Խաչատրյան, Սարիբեկ Սարիբեկյան, Կարեն Սարգսյան, Ռոդիոն Կռիլով և Հովհաննես Մկրտումյան։ Հենց նրանք էլ մեկնել են Դուբայ՝ մասնակցելու ավտոմրցարշավին։

Այս ամբողջ նախագիծը ֆինանսավորել է ինքը՝ Գորոյանը, որը ցանկանում է ամեն ինչ անել իր երկրում ավտոսպորտի զարգացման համար. նա վարձակալել է և՛ կարտադրոմը Play City-ում, և՛, փաստորեն, կարտերը, որոնց շարժիչները ստիպված են եղել փոխել, որպեսզի ապահովեն  մեքենաների պահանջվող արագությունն ու դիմացկունությունը։ Նա նաև մարզիչներ է հրավիրել Mazda Karting Academy-ից, որոնք ժամանակին հենց իրեն են մարզել։

photo1703376561.jpeg (33 KB)

Սովորաբար կարտինգով սկսում են զբաղվել պատանեկության տարիներից՝ 8-10 տարեկանից։ Մեր թիմի տղաները 23-ից 40 տարեկան են, նրանք նախկինում երբեք չեն զբաղվել կարտինգով կամ ավտոսպորտի այլ տեսակներով։ Նրանք բոլորն էլ այլ ոլորտների մասնագիտություններ ունեն, և ստիպված են եղել համատեղել աշխատանքը մարզումների հետ։ Գործատուները, ըստ տղաների, ըմբռնումով են մոտեցել իրենց մարզումներին, ինչպես նաև ցանկացել են, որ մարզիկներն արժանապատվորեն ներկայացնեն երկիրը միջազգային ասպարեզում։

Գորոյանի խոսքով՝ ինքը ոչ մի վայրկյան չի կասկածել, որ Հայաստանի կարտինգի առաջին ազգային հավաքականը հաջողության կհասնի Դուբայի մրցումներում։

«Մենք ցույց տվեցինք, որ նույնիսկ առանց շատ կարտադրոմների, չեմպիոնների, պրոֆեսիոնալ մարզիչների և մեծ ներդրումների, կարելի է նպատակ դնել, ծրագիր մշակել դրան հասնելու համար, հետևել դրան, հետևել և հասնել հաջողության: Ես ուզում էի ցույց տալ, որ դա իսկապես հնարավոր է։ Ավելին, ես վստահ եմ, որ նման հաջողությունների կարելի է հասնել նաև այլ ոլորտներում»,- ասաց նա։

«Հեշտ չէր, բայց մենք չէինք մտածում նահանջելու մասին». ինչպե՞ս անցան մարզումները

Թիմի վարորդները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ կարտինգը շատ ավելի բարդ մարզաձև է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այստեղ կարևոր են թե՛ ֆիզիկական տվյալները, թե՛ կարգապահությունը, թե՛ հաստատակամությունը և ոգու ուժը։

image00040.jpeg (56 KB)

Ոչ պակաս կարևոր է, ինչպես նշեց Դավիթ Հովհաննիսյանը, ցուցաբերած արդյունքների կայունությունը. պետք է ոչ միայն արագ վարել, այլև բավականին երկար ժամանակ վարել նույն տեմպով, և, ինչը նույնպես շատ կարևոր է, լսել մարզչին, պատրաստ լինել սովորելու և չմոռանալ, որ դու թիմի մի մասն ես և պետք է առաջնորդվես դրա շահերով, այլ ոչ թե առաջ տանես անձնական նկտրումները։

Մարզումները, ըստ տղաների, բավականին ծանր էին, և սկզբում իրենց համար հեշտ չէր. ինչպես նշեց Արտակ Խաչատրյանը, սովորական ավտոմեքենաները հագեցած են բազմաթիվ համակարգերով, որոնք հեշտացնում և պարզեցնում են դրանց կառավարումը։ Կարտը ոչինչ չունի, որը թեկուզ մի փոքր «կօգներ» վարորդին, նույնիսկ չկա փափուկ նստատեղ:

«Կարտի միակ քիչ թե շատ փափուկ դետալն անվադողերն են: Կարտ վարելիս ամբողջ մարմնով զգում ես ճանապարհի վրա ցանկացած անհարթություն և շրջադարձերի ֆիզիկան: Դա ծանրաբեռնվածություն է ողնաշարի, պարանոցի, մեջքի, ուսերի, ձեռքերի վրա... Ահա թե ինչու է վարորդի ֆիզիկական պատրաստվածությունն այդքան կարևոր»:

image00022.jpeg (61 KB)

Մարզման առաջին օրվանից հետո բոլոր տղաների մեջքին կապտուկներ կային, այտուցներ և կոշտուկներ ափերին, բոլորի մարմինը ցավում էր։ Սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում նահանջել. ազարտը, մրցակցությունը, դժվարությունները հաղթահարելու, ավելի լավը և ավելի ուժեղ դառնալու ձգտումը, միջազգային մրցույթներում իրենց երկիրը պատվով ներկայացնելու ցանկությունը՝ այս ամենը տղաներին մոտիվացրել է և խրախուսել շարունակել մարզումները:

Ոչ թե կարտերի, այլ վարորդների դիմացկունության մրցումներ. ինչպե՞ս են անցել մրցումները Դուբայում

Դեկտեմբերի 9-10-ը Դուբայում անցկացված 24-ժամյա կարտինգի մրցարշավը բազմաթիվ այլ ավտոմրցարշավներից տարբերվում է նրանով, որ այստեղ առաջին պլան է մղվում վարորդի դիմացկունությունն ու պատրաստվածությունը, և ամենևին էլ ոչ թե մեքենաների բարելավված հնարավորությունները։

Մրցարշավն անցկացվում է 1204 մետր երկարությամբ մրցուղու վրա։ Վարորդները, միմյանց փոխարինելով, 24 ժամ ընթանում են մրցուղով։ Այս մրցումների ընթացքում Հայաստանի հավաքականը կատարել է մոտ 1300 պտույտ՝ անցնելով ավելի քան 1,565,200 մետր տարածություն։

Մրցումների համար կարտերը տրամադրում է հենց կարտադրոմը, որտեղ մրցումները կազմակերպվում են: Ընդ որում, որպեսզի բոլորի համար նույն պայմաններն ապահովվեն, կարտերը ռոտացիոն սկզբունքով փոխվում են։ Կանոնների համաձայն՝ թիմը պետք է 24 ժամվա ընթացքում մեքենայի առնվազն 29 փոփոխություն կատարի։

photo1703376558.jpeg (65 KB)

Մեկ այլ կանոն օգնում է ապահովել մրցակիցների համար հավասար պայմաններ. եթե վարորդը կշռում է 85 կիլոգրամից պակաս, նա պետք է իր հետ վերցնի բեռ, որի հետ միասին կկշռի առնվազն 85 կիլոգրամ: Ճիշտ է, սա, ըստ տղաների, իրականում բարդացնում է վարորդի գործը. ավելի լավ է վարորդն ինքը կշռի 85 կգ և նստի կարտի մեջտեղում, քան այնտեղ տեղավորի ավելորդ բեռ, օրինակ՝ 15-20 կգ բեռ ձախ կողմում:

Արտակ Խաչատրյանը, Կարեն Սարգսյանը և Դավիթ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ այս մրցումներին մասնակցում են 3-7 հոգանոց թիմեր։ Կախված թիմում վարորդների քանակից, կարգավորումներն ու կանոնները փոքր-ինչ փոխվում են. օրինակ՝ վեց հոգանոց թիմի դեպքում առավելագույն ստինտը (այսպես է կոչվում ժամանակահատվածը, որը մեկ վարորդը կարող է անցկացնել մրցուղու վրա) 85 րոպե է: Այսինքն՝ մեկ վարորդն իրավունք չունի մրցուղու վրա անցկացնել 85 րոպեից ավելի․ այս ժամանակից հետո (կամ դրանից շուտ) նա պետք է դուրս գա մրցուղուց և տեղը զիջի թիմի մեկ այլ անդամի։ Կարտը վառելիքով լիցքավորումն ու վարորդների փոխատեղումը պետք է 3 րոպե 30 վայրկյանից ոչ պակաս տևի: Ըստ տղաների՝ Հայաստանի հավաքականի մենեջերի ճիշտ աշխատանքի շնորհիվ իրենց հաջողվել է պահպանել նվազագույն ժամկետները և ավելորդ ժամանակ չվատնել։

photo1703376553.jpeg (78 KB)

Թե որ վարորդը որքան ժամանակ պետք է վարի, որոշում է թիմի մենեջերը՝ վերլուծելով իրավիճակը մրցուղու վրա. մենեջերը, միմյանց նման մեքենաներն արտաքին հատկանիշներով տարբերակելով՝ որոշել է, թե վարորդներից ով որ կարտը պետք է վարի, ով ցերեկը պետք է վարի, իսկ ով՝ գիշերը, և այլն:

Ի՞նչ օգուտ կարող է բերել Հայաստանին կարտինգի և ավտոսպորտի զարգացումը

Թիմի բոլոր վեց անդամներն ստացել են կարտինգի մարզիչի արտոնագիր և այժմ նախատեսում են պատրաստել նոր մարզիկների, իսկ 2024-ի մրցումներին մասնակցել իրենց սաների հետ և ցույց տալ ոչ պակաս տպավորիչ արդյունքներ:

Ե՛վ Արթուր Գորոյանը, և՛ կարտինգի թիմի բոլոր անդամները վստահ են, որ ավտոսպորտի զարգացումը կարող է շատ օգուտներ բերել Հայաստանին՝ առողջ ապրելակերպի և ճանապարհներին անվտանգ վարքագծի մշակույթի տարածումը և երկրի հեղինակության բարձրացումը միջազգային մակարդակում, զբոսաշրջության զարգացում և նոր ներդրումների ներգրավում և այլն։

Թիմի անդամներից Հովհաննես Մկրտումյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում կարտինգի մրցուղու բացումը կարող է շատ շահավետ ներդրում լինել, որն ներդրված միջոցները կվերադարձնի առավելագույնը երկու տարի հետո։ Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանում կա առնվազն 20,000 մարդ, որոնք հետաքրքրված են կարտինգով կանոնավոր զբաղվելով, և մոտ 100,000-ից ավելի մարդ պատրաստ է ժամանակ առ ժամանակ այցելել կարտադրոմ՝ տարեկան մինչև մի քանի տասնյակ անգամ։

photo1703376559.jpeg (66 KB)

Երկրում լավ կարտադրոմների առկայությունը նույնպես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. եթե այստեղ միջազգային մակարդակի մրցումներ անցկացվեն, ապա Հայաստան կգան ոչ միայն իրենք՝ մարզիկները, այլ նաև նրանց ընկերները, երկրպագուները, ավտոսիրահարները ... Նրանք բոլորը կարիք կունենան ինչ-որ տեղ գիշերել, սնվել, խանութներից տարբեր իրեր գնել:

Ռոդիոն Կռիլովն իր հերթին ասաց, որ շատ հայտնի կարտադրոմների հիմնադիրներ շահագրգռված են ներդրումներ կատարել այլ երկրներում, հատկապես այնտեղ, որտեղ այս ոլորտը նոր է զարգանում, և դեռ մեծ մրցակցություն չկա։ Եվ նրանք պատրաստ են Հայաստանում կարտադրոմներ բացել (յուրաքանչյուրում ներդնելով մոտ մեկ միլիոն դոլար), եթե ներդրումային մթնոլորտն այստեղ ավելի բարենպաստ լիներ, և իրենց ճանապարհին ավելի քիչ բյուրոկրատական քաշքշուկների և դժվարությունների բախվեին։

Ըստ Կռիլովի՝ կարտադրոմները և այնտեղ անցկացվող միջազգային մրցումները գրավիչ են, սակայն դրանք Հայաստանում B2B բանակցություններ վարելու շատ թերագնահատված հարթակ են, հատկապես բիզնեսների համար, որոնք այս կամ այն ​​կերպ առնչվում են ավտոմեքենաների հետ։

Հայաստանում ավտոսպորտի հետագա զարգացումը. գաղտնի նախագիծ

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Գորոյանն ասաց, որ չի պատրաստվում բավարարվել այսքանով և Հայաստանում ավտոսպորտի զարգացման այլ ծրագրեր ունի։ Հաջորդ տարվա հոկտեմբերին նա խոստանում է ևս մեկ հետաքրքիր նախագիծ, որի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։

«Սա շատ լավ նախագիծ է լինելու, որը մենք ֆրանսիական սփյուռքի հետ միասին կզարգացնենք և կխթանենք այստեղ։ Առայժմ չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց այստեղ ևս խոսքը նպատակի, ռազմավարության, շարժման և արագության մասին է»,- ասաց նա։

image00028.jpeg (110 KB)

image00040.jpeg (56 KB)

photo1703376522.jpeg (52 KB)

photo1703376526.jpeg (42 KB)