ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությունը, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի փոխվելու, բնորոշում է այսօրվա կառավարության ընդհանուր վարվելակերպն ու մտածելակերպը, որոնք հիացած են իրենք իրենցով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Նրանք առաջնորդվում են միապետական սկզբունքով՝ կարծում են, թե պետությունն իրենք են։ Իրենք չգիտեն, որ իրենք չեն պետությունը, այլ իրենք ժամանակավոր մի ֆազ են այս պետության մեջ։ Այդ ամբարտավանությունն իրենց բնորոշ է. չգործակցել հայ իրականության մեջ ամենաերկար, հարատև կառույցի հետ, որը եկեղեցին է, դա խոսում է ամբարտավանության հիվանդագին դրսևորումների մասին։ Այդ հայտարարությամբ և նրանց հետևում երևում են այդ պատվիրատուների ականջները, որոնք ոչինչ չունեն հայկականության, պետականության հետ։ Նրանց պատվիրատուները դրսից են, որոնք այս տարիների ընթացքում համոզում էին նաև նախորդ իշխանություններին, որ պետք է վերատեսության ենթարկել ողջ պատմագիտությունը, ազատվել պատմությունից կառչվածությունից և դառնալ համաշխարհային անդամներից մեկը՝ անդեմ և անդիմագիծ»,- ընդգծեց Միքայել Սրբազանը։