Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր անդրադարձն ունեցավ Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա` ստիպելով որոշակի ճշգրտումներ իրականացնել վարվող քաղաքականության մեջ: Այդ մասին Հայաստանի հանրապետական կուսակցության տնտեսական առաջին կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տեղեկացնում է նախարարի մամլո քարտուղար Սյուզաննա Հայրապետյանը:
Արդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումները Տիգրան Դավթյանը պայմանականորեն բաժանեց երեք մասի` կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ:
Կարճաժամկետ միջոցառումների հիմնական նպատակն էր դիմակայել ճգնաժամին`օպերատիվ քայլերով կանխարգելելով ճգնաժամի սոցիալական եւ տնտեսական ազդեցության խորացումը:
Միջնաժամկետ միջոցառումները, ըստ Տ. Դավթյանի, կոչված են շարունակական բարեփոխումների, ներդրումների խթանման եւ կառուցվածքային խնդիրների վերացման միջոցով ապահովելու նոր աշխատատեղեր եւ կայուն տնտեսական աճի հնարավոր նախապայմաններ:
Երկարաժամկետ միջոցառումներից նախարարն ընդծեց արտահանման վրա հիմնված նոր արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրագործումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Երեւանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական առաջին կոնֆերանսը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ կուսակցության անդամներ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության եւ ՌԴ Պետական դումայի անդամ Իգոր Չեռնիշենկոն, Եվրոպայի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նիկոլա Բրյուքը, պաշտոնատար այլ անձինք:



























