Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները և դրանք համարում ենք կործանարար և իրականությանը չհամապատասխանող։ Այդ մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները ձախողել են Ղարաբաղում իրենց պարտավորությունները և բնակչության էթնիկ զտումներ են թույլ տվել։
«Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են. մենք շատ վստահելի, լավ, սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության գործընկերների հետ։ Մենք բազմիցս բացատրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք երկկողմ հարաբերություններում միայն նոր խնդիրներ են բերում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ոչ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ոչ էլ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, այնտեղ ինչ-որ մեկին ձեռնտու է։ Չգիտեմ՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու է Հայաստանում, ձեռնտու է արդյոք Հայաստանի արտերկրում, դժվար է ասել։ Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,- ասել է Զախարովան։
Զախարովան որպես ապացույց մեջբերել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի որոշումը, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ուղարկվում է տարածաշրջան՝ հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու համար։
«Սրանից որևէ բան չի՞ իրականացվել: Եթե որևէ մեկը խիղճ ունի, կամ դրա բացակայության դեպքում լկտիություն, ասելու, որ դրա մի մասը չի իրականացբել, փաստեր բերեք, փաստարկներ դրեք սեղանին, չէ որ, հիստերիայից և վիրավորանքներից բացի, դրանք չկան: Այն, ինչ գրված էր փաստաթղթում, արվել է, հնարավոր եղավ կանխել այն, ինչին նվիրված էր այս փաստաթուղթը»։











