Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` նոյեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ շնորհավորել նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Հովսեփյանը բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն  հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա նպաստել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի դատաիրավապահ մարմինների կարողությունների զարգացման, աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ հավաստելով, որ այդ համագործակցության արդյունքում գրանցվել է տեսանելի դրական առաջընթաց մասնավորապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում:

Դեսպանը կարեւորել է դատախազության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս դերը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության գործում, հանցավորության դեմ պայքարում:

Մտքեր փոխանակելով համագործակցության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ՝ կողմերը փաստել են անհրաժեշտությունը՝ ձեւավորելու համապատասխան իրավական հիմք՝ երկկողմանի փաստաթղթերի տեսքով, որոնցով առավել կհստակեցվեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության մեխանիզմներն ու եղանակները: