Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես  Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝, 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները»,- ասաց Կոստանյանը:

Փոխնախարարը նշեց, որ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի այդ առաքելության այցը տեղի ունենա: