Հայաստանի Ազգային ժողովի նախագահը պետք է ապահովի օրենսդիր մարմնի իրական անկախությունը գործադիր մարմնից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Խոսելով ԱԺ նոր նախագահի ընտրությունների մասին` նա նկատել է, թե ՀՅԴ խմբակցությունը հազիվ թե նախապես տեսակետ ձեւավորի եւ արտահայտի հնարավոր թեկնածության մասին: «Նոր նախագահի ընտրությունից հետո միգուցե հայտնենք մեր տեսակետը: Ներկայումս դա անհրաժեշտ չենք համարում` զուտ խմբակցության թվաքանակից ելնելով (ՀՅԴ խմբակցությունն ունի 16 պատգամավոր): Միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ եթե թեկնածուն առաջադրվելու է Հանրապետական կուսակցությունից, մեզ համար միեւնույն է, թե ով կլինի: Մեզ համար կարեւոր է, որ այդ մարդը պատշաճ կրթված լինի, պատկառելի հեղինակություն ունենա եւ ձգտի ապահովել խորհրդարանի այն գործառույթները, որոնց մասին արդեն հիշատակեցի»,- ասել է Շահբազյանը:

Նշենք, որ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-ին կհայտարարի իր հրաժարականի մասին, իսկ նոյեմբերի 21-ին ՀՀԿ-ն քննարկելու է խորհրդարանի նոր նախագահի թեկնածությունը: