Ռուսաստանի ԱԳՆ-ն ափսոսում է Azerbaijan Airlines-ի մերժման համար` սպասարկել հայկական ազգանունով ՌԴ քաղաքացուն: Մոսկվա-Բաքու չվերթում հայկական ազգանունով ՌԴ քաղաքացուն չգրանցելու փաստը ափսոսանք է հարուցում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ կապակցությամբ բոլոր հարցերը պետք է հասցեագրել այդ ավիաընկերության ղեկավարությանը»,- ասել է նա:

Նրա խոսքով, Մոսկվայում հայտնի է ադրբեջանական եւ հայկական կողմերի դիրքորոշումը` սեփական տարածք մուտք գործելու վերաբերյալ, որը լրջորեն բարդացել է ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների բացակայության փաստով:

«Այդ կապակցությամբ խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին հաշվի առնել այդ հանգամանքը իրենց այցերը ծրագրելու ժամանակ, առաջին հերթին սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է դիվանագետը:

Նշենք, որ «Ավտովազ» մեքենաների արտահանման վաճառքի վարչության ղեկավար Սերգեյ Գյուրջյանը իր բլոգում գրել էր, թե հոկտեմբերի 27-ին չի կարողացել Մոսկվայից մեկնել Բաքու, քանի որ Azerbaijan Airlines (AZAL) ընկերության աշխատակիցները հրաժարվել են գրանցել իրեն: Ըստ Գյուրջյանի, պատճառն իր հայկական ազգանունն է եղել: