Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` նոյեմբերի 3-ին, հանդիպել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ, որը նպատակ ունի պատրաստել եւ հրապարակել ՎԶԵԲ-ի` 2012-15թթ. Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների եւ դրան խոչընդոտող ներքին եւ արտաքին գործոններին, այդ թվում ընդգծելով տարածաշրջանում գոյություն ունեցող  հակամարտությունները, ինչպես նաեւ երկրում հաստատված ոչ օրինակարգ իշխանությունը եւ կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիայի, մենաշնորհների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների եւ քաղաքական հակակշիռների բացակայությունը:

Պատվիրակության անդամների խնդրանքով, առաջին նախագահը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները Մինսկի խմբի գործունեության, Իրանի հետ հարաբերությունների, ներքաղաքական կյանքում անհրաժեշտ առաջնային քայլերի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: