«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը որեւէ արտառոց բան չի տեսնում, որ երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Վարչության այն անդամները, որոնք ավելի կարեւոր պետական գործեր են ունենում, որպես կանոն չեն կարողանում մասնակցել կուսակցական նիստերին, որովհետեւ պետությունն ավելի կարեւոր է, քան կուսակցությունը մեզ համար: Երկրորդը, նաեւ լինում են դեպքեր, երբ վարչության անդամներից ոմանք անձնական որոշակի պատճառներով բացակայում են: Այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, այդպիսի բան բացարձակապես չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով ՔՊ վարչության նիստում քննարկված հարցրին, Պապոյանն ասաց. «ՔՊ վարչության նիստում միշտ քննարկվում են կուսակցական հարցեր: Կուսակցական հարցերը կարող են առնչվել այլ կոնտեքստների, բայց դրանք իրենց բնույթով նաեւ կուսակցության որոշման տիրույթի հարցեր են:
Մասնավորապես կուսակցության զարգացման ռազմավարությունն ենք ընդունել, և ռազմավարության մեջ, այսպես ասած, պատասխանատուներ կան, քննարկել ենք, օրինակ՝ իմ պատասխանատվության գոտիները, որոնք վերաբերում են տարածքային կառույցների զարգացմանը, տարածքային կառույցների անդամների և ցանցի ընդլայնմանը, գաղափարական պատրաստվածությանը, ավագանիների, խմբակցությունների հետ աշխատանքը: Այսինքն՝ քննարկվել են մաքուր կուսակցական, գաղափարական բնույթի հարցեր»,- պարզաբանեց Պապոյանը:











