ՔՊ խմբակցություն-վարչապետ կապը ապահովում է ՔՊ խմբակցության ղեկավարը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը՝ նդրդառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ ՔՊ խմբակցության պատգամավորները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար:
«Ես կուսակցական աշխատանքների, տարածքային կառույցների մասով եմ համակարգում: Հենվենք այն տեղեկության վրա, որ տվել է պարոն Կոնջորյանը, բայց նաև ես գիտեմ՝ մամուլում շատ ակտիվ քննարկվել է, և ենթադրում եմ՝ մամուլի տեղեկությունները հասանելի կլինեն վարչապետին»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք ներկայացվե՞լ է միջնորդությունը, Պապոյանը պատասխանեց, թե չգիտի, սակայն նշեց՝ վստահաբար, անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են:
Նշենք՝ երեկ Կոնջորյանը, խորհրդարանում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին, հայտարարել էր, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը - խմբ.) և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար: «Խոսքը երկու կանանց և պարոն Հովհաննիսյանի («Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան - խմբ.) մասին է»,- մանրամասնել էր Կոնջորյանը:
Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից:











