Երբ իշխանությունը Հռոմի ստատուտը վավերացրեց, հիմնական հիմնավորումն այն էր, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, ովքեր հանցագործություներ են կատարել հայ զինծառայողների նկատմամբ․ ՀՀ կառավարությունն արդյո՞ք քայլեր ձեռնարկել է ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
«Արդեն 2-3 ամիս Արդարադատության նախարարության մեջ մասնագետները նաեւ միջազգային իրավական հարցերով գրասենյակի մեր գործընկերների հետ պատրաստել ենք օրենսդրական փաթեթ, որի հիմքում ընկած է հենց միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը եւ քրեական դատավարության օրենսգրքի այն պահանջներին, որոնք մեզ բերելու է հենց միջազգային քրեական արդարադատության ճիշտ դաշտ։ Դա տալու է մեզ հնարավորություն միջազգային քննչական օրգանների մասնագիտական փորձից օգտվելն ու կիրառելը, բացահայտելը ռազմական հանցագործությունները»,- արձագանքեց Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ հայց ներկայացվելո՞ւ է, Մինասյանը պատասխանեց․
«Հենց միջազգային նման պայմանագրերի վավերացումը եւ ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր, թե՛ հետագա կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Եթե հայտնաբերվում է մեղքի առկայությունը, ապա լինելու է նաեւ պատասխանատվություն կոնվենցիայի շրջանակում»։











