Չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին՝ Վրաստանը հանդես է գալիս եւ իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված կայունության եւ երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը։ Այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլյա Դարչիաշվիլին եվրոպական ինտեգրման եւ արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստում, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Ինչպես նշել է Դարչիաշվիլին, Վրաստանը քանիցս նպաստել է արդյունավետ շփմանը հարեւան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ գործի դնելով Խաղաղ հարեւանության նախաձեռնությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարեւան երկրների պահանջմունքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ապագայում Թբիլիսին լինի տեղ մեր հարեւանների համար, որտեղ նրանք կկարողանան քննարկել ցանկացած հրատապ հարց, որը կնպաստի կողմերի միջեւ վստահության վերականգնմանը»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։