Իրենցից ստացել են այն, ինչի համար ձերբակալել էին. Այսինքն ցուցմունք իրենց վերադասի վրա: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդֆրադառնալով նրան, որ այսօր դատախազն իր նախաձեռնությամբ փոխել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի եւ Լիլի Մկրյանի կալանքը:
«Թե այդ ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, թե կորզվել է խափանման միջոցը փոխելու համար, ես չեմ ցանկանա մեկնաբանել, քանի որ այդ գործի նյութերին ծանոթ չեմ:
Իսկ քաղաքական առումով ակնհայտ դարձավ, որ ՔՊ-ի ներսում կան բազմաթիվ խնդիրներ: Այսինքն ՔՊ-ի ինչ-որ հատված մարտահրավեր նետեց Նիկոլ Փաշինյանին եւ դա արվեց շատ կոպիտ, գռեհիկ ձեւով: Այս պարագայում հիմնականում հանգուցալուծումը լինում է մի տեսքով. Երկու թիմերից մեկը պետք է մյուսին ուտի: Եթե նրանք մարտահրավեր նետեցին Նիկոլին ու մարսեցին, դա նշանակում է, որ իրենք արդեն ընդունակ են ցանկացած սեպարատ գործողությունների՝ ընդդեմ իրենց առաջնորդի: Կամ իրենք պետք է Նիկոլին ուտեն, կամ Նիկոլը իրենց հասցնի ուտել: Որովհետեւ ժամանակի ընթացքում ակնհայտ կդառնա, որ այս ճաքերն ու խնդիրները ավելի կխորանան, դա կբերի այդ թիմում ավելի լուրջ զարգացումների»,-ասաց Կիվիրյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ՔՊ խմբակցությունը այդ երկու կանանց խափանման միջոցը փոխելու միջնորդությանը գնացել է առանց Փաշինյանի հրահանգի. «Նիկոլը այս տարիների ընթացքում իր ձեռք է հավաքել պետական մարմինները՝ դատական համակարգը, քննչական մարմինները եւ սա իրեն լիովին բավարար է: Եթե նա վերահսկում է այդ մարմինները, մյուս կողմից կարողանում է խաղալ ժողովրդի ինչ-որ հատվածի զգացմունքների վրա, ՔՊ-ն որպես այդպիսին իր համար մեծ նշանակություն չունի: Դրա համար ինքը հիմա պտտվում է մարզերով, ռեւիզիա է անում ՔՊ-ի շարքերը, որ ըստ դրա հասկանա ընդհանուր իրավիճակը: Դրա համար ն կարողանում է գնալ կտրուկ քայլերի ընդդեմ իր թիմի ներկայացուցիչների»,-ասաց Կիվիրյանը:











