Այն, ինչ ասում ու անում է Ալիեւը, դա իր ասածը չի, մենք գիտենք, թե իր հետեւում ինչ ուժեր են կանգնած եւ գիտենք, թե ռուսական ւ թուրքական դիվանագիտություն Ալիեւին խամաճիկի նման ոնց է լարում մեր դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ քանի դեռ Հայաստանի չի փոխել իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի:

«Ալիեւը, այո, կարող է հոխորտալ, որովհետեւ այլեւս չի կարողանում ուժով հասնել իր ուզածին: Նրանք, որոնք միամտաբար կարծում են, թե Ալիեւի հոխորտածի հետեւում մի բան կա, ես վստահ եմ, որ չկա; Ալիեւն արդեն հիմա հասկանում է, որ եթե լուրջ, լայնամասշտաբ ինչ-որ բանի գնա, մենք արդեն ի վիճակի ենք պատասխան տալու: Այդ պատասխան տալու հնարավորությունը կատաղեցնում է իրեն, դրա համար էլ հոխորտում է: Ես շատ վաղուց եմ թուրքին ճանաչում, եթե թուրքը մի վայրկյան անգամ մտածում է, որ կարող է անել, ինքը ոչ խոսում է, ոչ հոխորտում է, միանգամից անում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ներքին Հանդում հայկական կողմը որեւէ կերպ պատասխան չտվեց Ադրբեջանի սադրանքին, պատժիչ գործողություն չարեց,  ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ինձ հասած տեղեկություններով, պատժիչ  գործողություններ մեր կողմից պետք չեն, որովհետեւ հիմա մենք չենք ուզում լայնածավալ կռվի մեջ ներքաշվել:  Ինչքան ես գիտեմ՝ մեղավորությունը մերոնց կողմն է եղել: Ես խոսել եմ Ներքին Հանդի տղաների հետ, մերոնց կողմից է եղել առաջին խախտումը: Կրակոց է եղել եւ նրանք զոհ են տվել: Հիմա ոչ մի դեպքում չի կարելի գնալ սրացման: Մեզ 1-1,5 տարի եւս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, եւ թուրքի հետ ուրիշ ձեւով կխոսենք : Թեկուզ վարչապետի վերջին արտահայտությունների մեջ դուք պետք է տեսնեք, որնա կոնկրետ հստակ եւ նախանշված ասում է՝ Ալիեւ, սա է ճշմարտությունը եւ վերջացավ, գնաց, դու պետք է հետ քաշվես, ուզես-չուզես, պետք է լինի այնպես, ինչպես իմ ժողովուրդն է ուզում»:

Ասլանյանի խոսքով, Փաշինյանի հայտարարությունը նաեւ մեսիջ էր միջազգային հանրությանը, որ եթե նոր պատերազմ լինի, կարող է մենք համարժեք պատասխան տանք, ու այդ դեպքում դուք մեզ չմեղադրեք պատերազմ վարելու մեջ: