Եվրամիության նոր թեկնածուների համար շատ ավելի դժվար կլինի, քանի որ Եվրոպան արդեն հասկացել է, թե ինչպիսի սխալ է գործել Հունաստանի նման երկրների նկատմամբ զիջումների գնալով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է լիտվական «Lietuvos Rytas» թերթի վերլուծաբան Էլդորադաս Բուտրիմասը:
Լիտվային օրինակ բերելով` լրագրողը ցույց է տվել Եվրամիության մտնելու բոլոր առավելություններն ու թերությունները:
«Մի կողմից, ԵՄ մտնելու համար Լիտվան ստիպված եղավ մի շարք ներքին խնդիրներ հարթել, օրինակ` կոռուպցիայի խնդիրը, ինչը, անկասկած, երկրի զարգացմանը նպաստող գործոն է: Մյուս կողմից, Լիտվայի արտադրությունը, ինչպես նաեւ Էստոնիայի եւ Լատվիայի, իրենց ձեռքն առան եվրոպական բանկերը»,- ասաց նա:
Բուտրիմասը նշեց, որ չնայած ԵՄ ներսում եղած կապերին, ցանկացած երկիր փորձում է մանեւրել: Այսպես, Լիտվան երբեմն որոշ հարցերով համագործակցում է սկանդինավյան երկրների, իսկ երբեմն` Լեհաստանի հետ:
«ԵՄ-ում յուրաքանչյուրն իր համար է: Այս պահին շատ երկրներ վախենում են, որ հարավային երկրներիֆինանսական դժվարությունները, ինչպիսին Հունաստանն է, Եվրոպային կսնանկացնեն»,- ասաց նա:
Մեկնաբանելով ԵՄ-ի կազմից Հունաստանի հնարավոր հեռացումը` Բուտրիմասը նշել է, որ Հունաստանը պետք է պատժվի, իսկ ստեղծված տնտեսական իրավիճակը պետք է դաս լինի Բրյուսելի համար, որպեսզի հետագայում ավելի զգույշ ընտրի Եվրամիության անդամներին:
Այս համատեքստում, ըստ լրագրողի, հատուկ դեր պետք է ստանձնի մամուլը.
«Այսօրվա աշխարհում, որտեղ ամեն ինչ ղեկավարում են կորպորացիաները, մամուլը եւս շատ բաներում դարձել է կորպորատիվ: Սակայն այդ վիճակը աստիճանաբար պետք է փոխվի: Ըստ իս, հատուկ դեր պետք է ստանձնեն լիբերալ թերթերը, մամուլը պետք է կերպարանափոխվի: Սակայն թե ինչպես դա կկատարվի, պարզ չէ»,- եզրափակեց նա:
Բուտրիմասի հետ հանդիպումը կայացել էր Թեհրանում անցկացված Մամուլի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:




























