ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է Զինված ուժերի հետախուզության վարչության ստեղծման 19-րդ տարեդարձը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ:
Ինչպես հայտնում են NEWS.am-ին ՊՆ մամուլի ծառայությունից, նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ հայ հետախույզների շնորհիվ վերջին տարիներին բազմիցս հայտնաբերվել և չեզոքացվել են հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն-հետախուզական գործողություններն ու փորձերը: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հետախուզական ստորաբաժանումները փառապանծ ճանապարհ են անցել և այսօր կարելի է փաստել, որ մեր զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն ի սկզբանե կազմավորվել և գործել են՝ հետախուզական առանձնահատկություններից և սկզբունքներից ելնելով: Առանց հետախուզական խնդիրներ կատարելու ինչպես արցախյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ այսօր մենք ի վիճակի չենք հասնել հաջողությունների: Կարծում եմ՝ հետախույզները թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ այսօր իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր են կատարում: Նրանց միջանձնային հարաբերություններում առաջնային են փոխադարձ հարգանքն ու վստահությունը, դժվարագույն պայմաններում հրամանատարը ենթակային, ենթական հրամանատարին միշտ օգնելու պատրաստականությունը. հետախույզները խնդիրներ են կատարում՝ գտնվելով հավասարաչափ վտանգավոր պայմաններում»:
Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:




























