Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի դպրոցականները հանգստյան օրերին զբաղված են լինում՝ հաճախում են ռուսաց լեզվի և մշակույթի «Միր» կենտրոն։ Այն բացվել է անցյալ տարվա մայիսին «Միր» հիմնադրամի և Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով։ Սա ռուսաց լեզվի և մշակույթի՝ Հայաստանում գործող երեք նմանատիպ կենտրոններից մեկն է, և այսօր կենտրոն է այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կենտրոնի սաները հյուրերին դիմավորել են աղ ու հացով, պարով ու ասմունքով։

«Մենք գոհ ենք կենտրոնի աշխատանքից, այն երեխաներին համախմբող վայր է։ Այստեղ հետաքրքիր և ուսանելի է: Այն, ինչն այստեղ անում են երեխաները, շատ կարևոր է կրթության, դաստիարակության, իրենց մտահորիզոնների ընդլայնման տեսանկյունից և, ի վերջո, կնպաստի հետագա կյանքում հաջողության հասնելուն, և իհարկե, ինչը հատկապես կարևոր է ինձ համար՝ որպես դեսպանի, ամրապնդում է մեր երկրների հարաբերությունները։ Իսկ երկրների միջև հարաբերություններն առաջին հերթին մարդկանց միջև հարաբերություններն են։ Ավանդույթները շատ կարևոր են, խորն են, դրանք պետք է փոխանցել մատաղ սերնդին, որպեսզի էստաֆետը երբեք չվերջանա։ Սա շատ կարևոր է մեր ժողովուրդների, մեր երկրների ճակատագրերի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը։

Կենտրոնի ուսուցչուհի Ժաննա Բոզիկյանը պատմել է, որ 10-ից 16 տարեկան 45 երեխա է հաճախում կենտրոն։

«Երեխաները կարող են ազատ շփվել, կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր, ծանոթանալ ռուսական մեծ մշակույթին։ Նրանք նաև բեմադրություններ են իրականացնում։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ նրանք պատրաստում են եզրափակիչ միջոցառումներ, որպեսզի իրենք հասկանան և գնահատեն, թե ինչի են հասել: Ունենք շատ հագեցած ուսումնական կյանք, և կարծում եմ, որ կենտրոնը լիովին ծառայում է իր նպատակին»,- հայտնել է ուսուցչուհին՝ հավելելով, որ երեխաներին տրվում է մասնակցության վկայական։

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը նախագիծը գնահատում է որպես շատ հաջողված, ինչի համար հատուկ շնորհակալություն է հայտնել դեսպանությանը, անձամբ դեսպանին և բոլոր գործընկերներին աջակցության համար։

«Կենտրոնի նպատակն է ծանոթացնել երեխաներին երկու երկրների մշակույթին, քանի որ ապագան երեխաներինն է։ Մեր նպատակը բարեկամությունն է և մարդասիրական հարաբերությունների զարգացումը։ Ժամանակը կտա իր գնահատականը, բայց կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- եզրափակել է Ալոյանը։

Գարնանը և ամռանը կենտրոնի սաներին մրցույթ և ամառային դպրոց է սպասվում, իսկ մոտ ապագայում նրանք դեսպան Կոպիրկինի հրավերով կայցելեն դեսպանատուն: