Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Այս մասին, այսօր` նոյեմբերի 7-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, խորացումն ու ընդլայնումը: Նրա խոսքով, այժմ հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դեղագործության, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության եւ  տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտներում եւ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը նաեւ զբոսաշրջության ոլորտում, որին մեծապես կարող է նպաստել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպումը: 

Սաչին Պիլոտը նշել է, որ երկու երկրների միջեւ պատմական հաարբերությունների լավ հիմքի վրա պետք է ստեղծել նոր տնտեսական կապեր, ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վերջինս հավաստիացրել է, որ Հնդկաստանի կառավարությունը եւս շահագրգռված է այս հարցում եւ կանի ամեն ինչ՝ տարբեր ուղղություններով երկկողմ ծրագրերի իրականացման համար:   

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է պետությունների միջեւ  առեւտրաշրջանառության զարգացումը եւ այդ գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Դրանում, վարչապետի խոսքով, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացնի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսության, մասնավորապես, Հայաստանի՝ Հնդկաստանից գյուղտեխնիկայի հնարավոր ձեռքբերմանը, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի: