Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` նոյեմբերի 7-ին, հանդիպել է  Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

ՀԱԿ -ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի տեսակետները, մասնավորապես անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը: Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ ՀԱԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: