Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 7-ին, հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեին:

Ողջունելով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին`  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել հայ-վրացական ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը եւ նշել, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:

Բանակցությունների ժամանակ քննարկել են հայ-վրացական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, երկու պետությունների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կողմերն անդրադարձել են առաջիկա երկկողմ փոխայցելությունների ժամանակացույցին, նոյեմբերի 18-19-ին  նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայ-վրացական քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտին, վիրահայությանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կարեւորել են համագործակցության զարգացումը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջգերատեսչական եւ ապակենտրոնացված ձեւաչափերում:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Երկու երկրների արտգործնախարարները խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս առումով ընդգծվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: