Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ հայ-վրացական ավանդական եւ պատմականորեն արդարացված բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ զարգանում են համագործակցության ոգով, նախագահն ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:
Սերժ Սարգսյանը կարեւորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում եւս այն զգալիորեն կխթանի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, քննարկել են նաեւ այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ եւ ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջեւ եղած հարաբերություններին հարիր մակարդակով:




























