Իրանի ատոմային ծրագիրը մոտ 10 տարեկան է եւ դրա վրա առանց լուրջ պատճառների ճնշում են գործադրում միջազգային կառույցները: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նա հիշեցրել է, որ նախկինում եղել է Թեհրան ի ներկայացուցիչը ԱԷՄԳ-ում (МАГАТЭ) եւ հրաշալի տեղյակ է խնդրի բոլոր նրբություններին: Իրանցի դիվանագետի խոսքով, դա քաղաքական հարց է, ոչ տեխնիկական, եւ ոչ իրավաբանական:
«Եթե տեխնիկական կամ իրավաբանական լիներ, կպատասխանեինք»,- նկատել է Սալեհին: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ԱԷՄԳ-ն Իրանին 6 հարց էր հղել: «Իրանն այդ հարցերին պատասխանել էր, ինչն արտացոլվել էր համապատասխան զեկույցում, ապա Արեւմուտքը այլ պատճառ գտավ եւ սկսեց մեղադրել Իրանին ատոմային զենք ստեղծել փորձերի մեջ»,- ընդգծել է Սալեհին: Ընդ որում, նա նկատել է, թե ԱԷՄԳ-ն միակ միջազգային ատյանն է, որ իրավունք ունի կարծիք հայտնել ատոմային հարցերով, բայց իրավունք չունի միջամտել ոչ ատոմային խնդիրներին:
«Մենք չենք կասկածում մեր գործունեության մեջ: Մեր ղեկավարության դիրքորոշումը միշտ հստակ եւ հիմնավորված է, ինչպես հոգեւոր առաջնորդը, այնպես էլ նախագահը բազմիցս ասել են, որ մտադիր չեն ատոմային զենք ստեղծել: Եթե ատոմային զենք ուզենայինք ստեղծել, այդ մացին բաց կասեինք, բայց մեր գիտակցությունն ու փորձը մեզ ասում է, որ ատոմային զենքը մեզ համար գերակա չեն, ուստի ԱԷՄԳ-ի հայտարարությունները պարզապես ճնշման միջոց են»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը: Նա նշել է, թե ճնշումներ գործադրվում են այլ ուղղություններով եւս:
Անդրադառնալով Սաւոդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքներին, Սալեհին դրանք «ծիծաղելի հոլիվուդյան սցենար» է անվանել, որը չի կարող սասանել իրենց կամքը:




























