Տնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիվորեն զարգանում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր իրանցի գործընկերոջ` Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ ասուլիսում:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, թե սա Սալեհիի առաջին այցն է Երեւան, սակայն տարվա սկզբից կայացել է արտգործնախարարների եւս մի քանի հանդիպումներ: «Դա շատ լավ հնարավորություն է երկխոսությունը շարունակելու համար: Լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը: 

Նա հաղորդել է, որ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են, կան իրացվող նախագծեր, հեռանկարային ծրագրեր, հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում: Ըստ Նալբանդյանի, արտգործնախարարներն իրենց ավանդն են ներդնում այդ նախագծերի իրականացման գործում: