Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 8-ին, ընդունել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ եւ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջեւ առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաեւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:

«Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ գոհունակություն հայտնելով նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ընթացքից:

«Համոզված եղեք, որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ եւ նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ հաղորդակցության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին: