Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` նոյեմբերի 8-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանի խնդրանքով Մ.Վարդանյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական` տրանսպորտի, ճանապարհաշինության, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտները եւ իրականացվող ծրագրերը:
Նախարարը հատկապես կարեւորել է տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը, այդ թվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, դեպի Վրաստան երկու մայրուղիների վերակառուցման ծրագրերը, ինչպես նաեւ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցների` ուեւորատար եւ բեռնատար երկաթգծի, նոր ավտոճանապարհի եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը:
Մ.Վարդանյանը ներկայացրել է նաեւ երկաթուղու ոլորտում իրականացվելիք երկու` Վանաձոր-Ֆիալետովո եւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերը:
Անդրադարնալով հեռահաղորդկացության ոլորտին նախարարն առանձնացրել է փոստը եւ լայնաշերտ ինտերնետի ծրագրի իրականացումը:
Դեսպան Ջոն Հեֆերնին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել, որ հետագայում երկուստեք համագործակցությունն էլ ավելի կակտիվանա: Դեսպանը նշել է, որ նոր ծրագրերի իրականացման գործում կփորձի գտնել ամերիկյան ընկերություններ:
Դեսպանը հետաքրքրվել է սահմանային հատվածներում երկաթուղու տեխնիկական ներկա վիճակով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացով եւ օդանավակայանի տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրով:




























