Նոյեմբերի 8-ին, Երեւանում բացվել է ճապոնական կինոյի փառատոնը, որը սկսվել է «Այկի» ֆիլմի ցուցադրմամբ:
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած փառատոնի բացման արարողությանը մասնակցել են Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Մոսկվայում է) Տիկոհիտո Հարադան, բազմաթիվ հյուրեր:
Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից հետո Ճապոնիայի հետ հարաբերությունները ամրապնդվել եւ խորացել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Նրա խոսքով, մշակութային կապերը շատ մեծ դերակատարում ունեն: Հայ եւ ճապոնացի ժողովուրդները ունեն փոխադարձ հետաքրքրություն:
Փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 8-ից 10-ը Երեւանում, իսկ նոյեմբերի 11-ից 12-ը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որտեղ էլ կկազմակերպվի փառատոնի փակման արարողությունը:
Հայ հեռուստադիտողին են ներկայացվելու հինգ ֆիլմեր` «Այկի», «Հարված գլխով», «Առաջին սեր», «Ինչ է բերում ձյունը», «Կրակ»: Փառատոնը կազմակերպվել է «Հիկարի» կենտրոնի կողմից, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հովանու ներքո:




























