Telegram մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը հասել է 900 միլիոնի, իսկ ընկերությունն ինքը կարող է շահութաբեր դառնալ այս տարի, ասել է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը Financial Times-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Telegram-ը վերածվել է աշխարհի ամենահայտնի հաղորդագրությունների հավելվածներից մեկի և երկու տարի առաջ գովազդի և պրեմիում բաժանորդագրությունների ներդրումից հետո «հարյուր միլիոնավոր դոլարների» եկամուտ է բերում:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի, եթե ոչ այս տարի, շահութաբեր կդառնանք», - ասել է Դուրովը 2017 թվականից ի վեր իր առաջին հարցազրույցում, հաղորդում է BBC-ն:
Նա ասել է, որ պոտենցիալ ներդրողները ընկերությունը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար, սակայն բացառել է հաղորդագրությունների հավելվածի վաճառքը և ասել, որ մտածում է ապագայում նախնական հրապարակային առաջարկի մասին:
«Հիմնական պատճառը, որ մենք սկսել ենք մոնետիզացիան, այն է, որ ցանկանում էինք անկախ մնալ», - ասել է նա:
Ընկերությունը, որը հիմնված է Դուբայում և ունի ընդամենը 50 աշխատակից, վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռք է բերել հսկայական ժողովրդականություն և դարձել հաղորդակցության կարևոր միջոց, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում, նշում է FT-ն։
Քննադատները վստահեցնում են, որ հարթակը մնում է «հանցավոր գործունեության», ինչպես նաև ծայրահեղական կամ ահաբեկչական բովանդակության և ապատեղեկատվության օջախ, և ենթադրում են, որ Կրեմլը կարող է կապեր կամ ազդեցություն ունենալ Telegram-ի վրա, սակայն Դուրովն այդ պնդումը համարել է իրականությանը չհամապատասխանող:
Financial Times-ի աղբյուրներն ասում են, որ Telegram-ը, ամենայն հավանականությամբ, կձգտի դեպի ամերիկյան շուկա, երբ ընկերությունը հասնի եկամտաբերության և շուկայական պայմանները բարենպաստ դառնան: Դուրովը հրաժարվել է մեկնաբանել ժամկետներն ու հնարավոր տարածքը, սակայն ասել է, որ ընկերությունը դիտարկում է մի քանի տարբերակներ:





























