Մոսկվայի Սավելովյան դատարանն, այսօր` նոյեմբերի 9-ին, մերժել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հայցն ընդդեմ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի` պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Լուժկովը Ժիրինովսկիից պահանջել է հերքել կոռուպցիայի մասին հրապարակային մեղադրանքները եւ 3 մլն ռուբլու չափով փոխհատուցում վճարել:
Նշենք, որ Լուժկովը դատարան է դիմել դեռ քաղաքապետ եղած ժամանակ, ուստի որպես հայցվոր հանդես են եկել Մոսկվայի քաղաքապետարանը եւ քաղաքապետարանի 20 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սակայն, դատական լսումների ժամանակ, բոլոր հայցվորները, բացի Լուժկովից, հրաժարվել են իրենց հայցերից: ՌԱՊՍԻ-ն գրում է, որ ավելի վաղ նույն Սավելովյան դատարանը, մասնավորապես, մասնակի բավարարել է Լուժկովի հայցը, ՌԼԴԿ լիդերից գանձելով 500 հազար ռուբլի, սակայն ՌԴ գերագույն դատարանը բեկանել է այդ որոշումը եւ հետ ուղարկել կրկնակի քննության:
Նշենք, որ Ժիրինովսկին բազմաթիվ անգամ մեղադրել է Լուժկովի շրջապատին կոռուպցիայի մեջ, նրա աշխատակազմը համարելով «մոսկովյան մաֆիա»: Նման հայտարարություններ ՌԼԴԿ առաջնորդն արել է հեռուստաեթերում, ՌԴ Պետդումայի պատգամավորների առաջ ելույթներ ունենալիս, նաեւ հրապարակայնորեն այդ հարցով դիմելով երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին:

























