Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, ընդունել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին եւ կարեւորել նախարարի այցը մեր երկիր` հայ-նորվեգական հարաբերությունները խթանելու տեսանկյունից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը նաեւ լավ առիթ է նորվեգացի ժողովրդին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար: «Այսօր Ֆրիտյոֆ Նանսենին ուղղված երախտագիտության շատ խոսքեր լսեցինք: Ցանկանում եմ նաեւ անպայման շեշտել տիկին Բոդիլ Կատարինա Բյորնի անունը: Նրանք այն անհատներն են, ովքեր հնարավորություն տվեցին մեր ժողովրդի մի հսկայական հատվածի ցեղասպանությունից հետո ինչ-որ չափով մեղմելու իրենց տառապանքը, վիշտը՝ ապագան կառուցելու հնարավորություն ընձեռելով: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ 1988 թվականից ի վեր Հայաստանին ցուցաբերվող եւ՛ տեխնիկական, եւ՛ զարգացման ծրագրերին օժանդակության համար»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն անձամբ իր, Նորվեգիայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել իր երկրի ու նրա զավակների մասին ասված ջերմ խոսքերի եւ այն սրտառուչ վերաբերմունքի համար, որի վկայություններից մեկն էլ Երեւանի կենտրոնում այսօր բացված Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն է: «Չնայած մեր բավականին համեստ տնտեսական հարաբերություններին, պետք է նշել, որ մեզ հաջողվել է խորացնել քաղաքական հարաբերությունները, եւ դա շատ կարեւոր մեկնակետ է», -ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:

ՀՀ Նախագահը եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-նորվեգական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: