Երեւանում, նոյեմբերի 5-ին, որդու կողմից մորը խեղդամահ անելու փաստի առթիվ, դեպքից 4 օր անց քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն առաջիներից մեկն էր, որ անդրադարձավ այս սահմռկեցուցիչ պատմությանը:

Ըստ այդմ, նոյեմբերի 5-ին, Երեւանի Փափազյան 25 շենքի բնակարաններից մեկում գտել էին տվյալ շենքի բնակչուհի, ՌԴ քաղաքացի  69-ամյա Ռաիսա Իվանի Պոստոգովայի դին:

Ոստիկանությունն արտաքին զննությամբ՝ դիակի դեմքի մասում քերծվածքներ եւ կապտուկներ էր հայտնաբերել:

Նոյեմբերի 8-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքով եւ ունի կողային մատերի կոտրվածքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Պոստոգովային նոյեմբերի 5-ի գիշերը խեղդամահ անելու միջոցով սպանել է որդին` Էդուարդ Ռամազյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է   քրեական գործ:

Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել  եւ ուղարկվել է Ավանի հոգեբուժարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, 69-ամյա Ռաիսան ամուսնալուծված էր, ուներ մեկ որդի եւ մեկ դուստր: Նա ապրում էր որդու` 53-ամյա Էդիկի հետ, ով եւս ամուսնալուծված է կնոջից, ունի 3 երեխա` մեկ որդի, երկու դուստր:

Հարեւանների խոսքով` Էդիկը հոգեկան շեղումներ ուներ, մայրը երեք անգամ նրան ուղարկել էր հոգեբուժարան` բուժվելու: Նույնիսկ հարեւաններն էին բողոքում, «Շտապօգնություն» կանչում, նրան տանում հոգեբուժարան, սակայն այնտեղ, հարեւանների խոսքով, նրան չէին պահում, շուտ բաց էին թողնում: Որդին պարբերաբար ծեծում էր մորը, ահաբեկչում: «Խելացի գիժ էր, տան դուռը փակում էր, որ մայրը դուրս չգար, հեռախոսն էլ անջատում էր, որ ոչ մեկին չկարողանա զանգել»,- պատմեցին հարեւանները` հավելելով, որ Էդիկը նույնիսկ մի անգամ զանգել էր ոստիկանին` ասելով, թե «արի մամայիս մոտ մնա, ես գնամ հացի»:

Իսկ նոյեմբերի 5-ին հարեւանները ձայներ չեն լսել, միայն առավոտյան են իմացել, որ հարեւանուհին մահացել է, ինչն էլ հիմք էր տվել կարծելու, որ որդին կամ բարձով է խեղդել, կամ «սալյարկա» է խմեցրել մորը: Համենայն դեպս, հարեւանների ճշմարտացիությունն ապացուցվում է ոստիկանության հիմնական վարկածով: