Նոյեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան` շարունակելու աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նոյեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում:

Նա նկատել է, որ այցի շրջանակներում համանախագահները հանդիպումներ կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Լուկաշեւիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 3-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդին են ներկայացրել իրենց գործունեության տարեկան զեկույցը Վիլնյուսում կայանալիք նախարարական գագաթաժողովից առաջ:

Ըստ Լուկաշեւիչի, զեկույցում ամփոփելով միջնորդական ջանքերը` միտված ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ եւ խաղաղ կարգավորմանը, համանախագահները նշել են, թե անցած տարում 8 անգամ եղել են տարածաշրջանում եւ 14 առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ:

Ըստ Լուկաշեւիչի, զեկույցում միջնորդները հատուկ ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունեն, իսկ անընդունելի ստատուս-քվոյի հաղթահարման եւ խաղաղության հասնելու համար հարկավոր է կողմերի քաղաքական կամքը:

Նշենք, որ դեկտեմբերի սկզբին Վիլնյուսում կայանալու է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: